четверг, 30 января 2014 г.

Հակոբ Կոջոյան


Հակոբ Կոջոյան



Հակոբ Կոջոյանի արվեստ: Այդ արվեստը նկարչի կենդանի երևակայության և գեղեցիկի խոր զգացման ծնունդն է: Այդ արվեստում առկա է անկրկնելիության ճշմարիտ ուժը, որի կնիքը միշտ զգացվում է վարպետի ստեղծագործության վրա: Գունանկարը, գրաֆիկան, կիրառական արվեստը, ստեղծագործական որոնումների ողջ բազմազանությամբ հրապուրել են Կոջոյանին անփոփոխ և մշտապես: Նա նկարում էր յուղաներկով և տեմպերայով, ջրաներկով ու գուաշով, տուշով ու մատիտով, նրան հետաքրքրում էին փորագրությունն ու մեցոտինոն:

Հակոբ Կոջոյանի կերպարների աշխարհը կենդանություն է առնում Հայաստանի պետական պատկերասրահում, նկարչի դահլիճում. հրեղեն Քուռկիկ Ջալալիին հեծած սուրացող Սասունցի Դավիթը, կախարդական վրձնով շնչավորված <<Հազարան բլբուլի>> պոեզիան, խստաշունչ ու հին Հայաստան երկրի բնապատկերները` Գեղարդի քարե սիմֆոնիան, ձյունապսակ Արարատ- լեգենդը…Կոջոյանը քաջատեղյակ էր Արևմտյան Եվրոպայի գեղարվեստական մշակույթին, Արևելքի կյանքին ու արվեստին, ռուս մինչհեղափոխական գեղանկարչությանն ու գրաֆիկային, սակայն նրա ստեղծագործությունը մշտապես պահպանեց վառ արտահայտված ազգային բնույթը: Այդ ստեղծագործությունը սերտորեն կապված է Հայաստանի գեղարվեստական մշակույթի ակունքների ու ավանդույթների հետ և, միաժամանակ, նոր ժամանակների արվեստի պատմության էջեր է բացում:

Հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում վարպետի գեղարվեստական կուլտուրան, նկարազարդողի նուրբ կատարելությունը, նրա աշխատանքը ետհեղափոխական շրջանի հայկական գրքի առաջին հրատարակությունների վրա թույլ են տալիս Կոջոյանին համարել հայ սովետական գրաֆիկայի հիմնադիրը:Հակոբ Կոջոյանի արվեստը գլխավոր տեղերից մեկն է գրավում Հայաստանի գեղարվեստական տարեգրության մեջ: Թումանյանի, Չարենցի, Սպենդիարյանի և Սարյանի հետ մեկտեղ, Կոջոյանն էլ պատկանում է մեր ժամանակների հայ մշակույթի գործիչների առաջին բույլքին, որ կանգնած էր նրա զարգացման ակունքների մոտ:

Կյանքը և գործունեությունը

Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախալցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Ապագա նկարչի մանկության տարիներն անցել են Վլադիկավկազում (այժմ` Օրջոնիկիձե): Այստեղ նա ուսանում է քաղաքային վարժարանում և միաժամանակ աշխատում հոր արհեստանոցում` ոսկերչություն, փորագրման և դրվագման արվեստ սովորելով ավագ եղբայրներից: Վլադիկավկազում ապրելու շրջանում Կոջոյանը մտերմանում է ապագա օսեթական նշանավոր գեղանկարիչ Մախարբեկ Տուգանովի հետ: Տուգանովը, որ Կոջոյանից մեծ էր մի քանի տարով, սկսում է պարապել, օգնել նրան գունանկարի տեղնիկայի յուրացման ասպարեզում: Կոջոյանն իր անդրանիկ` <<Ոսկերիչ վարպետներ>> գունանկարչական էտյուդն արել է 1898-ին:Տասնվեցամյա Հակոբը մեկնում է Մոսկվա և սովորում փորագրիչ Պրուսովի արվեստանոցում: Այնուհետև, Տուգանովի խորհրդով, Կոջոյանը որոշում է գեղարվեստական մասնագիտական կրթություն ստանալ Մյունխենում:Այդ ժամանակ Մյունխենը, Փարիզի հետ մեկտեղ, Եվրոպայի մշակութային առաջատար կենտրոններից էր: Այդ քաղաքը նկարիչների համար հետաքրքրություն էր ներկայացնում Գլիպտոտեկայի, Հին պինակոտեկայի և գեղարվեստի ակադեմիայի հարուստ հավաքածուների շնորհիվ: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մյունխենում են իրենց ուսումնառությունն անցկացրել Մ. Դոբուժինսկին, Վ. Ֆավորսկին, հայ նկարիչներից` Վ. Սուրենյանցը (80-ական թթ.) և Հ. Հակոբյանը (90-ական թթ.):
1918 թ.-ին Կոջոյանը Նիկողայոս Մառի հնագիտական արշավախմբի հետ եղավ Անիում: Հայաստանի միջնադարյան միջնադարյան մայրաքաղաքն իր ավերակներով, անցյալում նշանավոր և այժմ մասնակիորեն պահպանված 
 




պալատներով և եկեղեցական շինություններով, որմնանկարային գեղանկարչության բեկոր-նշումներով հափշտակեց նկարչին, բորբոքեց նրա երևակայությունը: Տեղում արված ջրանկար էտյուդներն ու ճեպանկարները հետագայում ընկան <<Անիի ավերակները>> նկարի հիմքում (1919 թ.): Կապույտ ֆոնի վրա դարչնագույն տոներով պատկերված են ամրոցի պարիսպներն ու պալատի ավերակները` ցայտուն եզրագծերով: Խստաշունչ պարզությունն ու էպիկական ուժը հուզական խոր հնչեղություն են հաղորդում այս ոչ մեծածավալ աշխատանքին: Միաժամանակ Կոջոյանի դիմանկարը, որ պատկերման բնույթով  վավերական չէ, պատմական է իր փիլիսոփայական-գեղարվեստական իմաստավորմամբ: Այստեղ տիրապետողը նկարչի խոհերն են ստեղծագործական մեծ ժառանգության շուրջ, պատմական ողբերգություն ապրած հայ ժողովրդի ճակատագրի շուրջ: Հետագա տարիներին թե գունանկարում և թե գրաֆիկայում Կոջոյանը վերստին անդրադարձավ Անիի թեմային: 1925 թ.-ին այս թեմայով արված նկարներից մեկը պահպանվում է Ռուսական թանգարանի հավաքածուում:

20-ական թվականների սկզբին Կոջոյանը մոտ երկու տարի ապրեց Իրանում` Թավրիզում: Նրա հայացքի դեմ հառնում էին Երկնագույն մզկիթի ավերակները, Ալիշահի ամրոցի պարիսպները, երկնի կապույտի մեջ մխրճված մինարեները: Արևելյան քաղաքի կյանքն էր նրա առջև` նեղլիկ փողոցների եռուզեռով, ուր բազմալեզու ամբոխի մեջ հայտնվում էին չադրայով կանայք, հանդիսավոր ճեմող սպիտակ չալմայով մոլլաներ, դերվիշներ, ուր օդը լի էր զրնգուն աղմուկով` գոյացած առևտրականների ծիծաղից, հայհոյանքներից ու կանչերից: Նկարչի տպավորություններն իրենց արտացոլումը գտան <<Փողոց Թավրիզում>> և <<Ճաշարան Թավրիզում>> ժանրային կտավներում: Կոջոյանի ներկայացրած կերպարներից յուրաքանչյուրը սուր զգացված է բնավորությամբ, արտաքին նկարագրով, շարժուձևով: Եվ, միաժամանակ, նկարիչը պատկերվածի մեջ գրոտեսկի տարրեր է ներմուծում, որոնք կտավներին որոշ պայմանականություն են հաղորդում:

http://vardanlibrary.wordpress.com/2012/04/19/հակոբ-կոջոյան/

Комментариев нет:

Отправить комментарий