воскресенье, 17 мая 2015 г.

Վարդանանց և Վահանանց պատերազմները.

Համեմատել Վահանանց և Վարդանանց պատերազմները;
Վարդանանց պատերազմ, փաստեր:
Տարեթվեր. 450-451:
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:
Կողմերի զորքերի թվաքանակ. Հայերի, վրացիների և աղվանների 66000 զորքը ընդդեմ 90000 պարսիկ զինվորների:
Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վարդան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Մուշկան Նիսալավուրտ:
Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլողական քաղաքականություն:


Պատերազմի մասին.
449թ. հոների նկատմամբ հաղթանակից հետո, պարսից արքա Հազկերտ 2-րդը հատուկ հրովարտակ է արձակում, որի համաձայն նրա բոլոր քրիստոնյա հպատակները պիտի կրոնափոխ լինեին և ընդունեին զրադաշտականություն։ Հրովարտակը քննարկելու համար Արտաշատում գումարվում է ժողով Հովսեփ կաթողիկոսի, մարզպան Վասակ Սյունու, հայ իշխանների և հոգևորականների գլխավորությամբ, որտեղ որոշվում է մերժել Հազկերտ Բ-ի պահանջը։
Պարսիկների պահանջը մերջում են նաև Վրաստանում և Աղվանքում։
Մերժումը զայրույթով է ընդունվում պարսկական արքունիքում և հայ, վրացի ու աղվան իշխանները 450թ. կանչվում են Տիզբոն, որտեղ ձերբակալվում են։ Ազատ արձակվելու և Հայաստան վերադառնալու պայման է լինում հավատափոխությունը։ Ժամանակ շահելու և Տիզբոնից ողջ դուրս պրծնելու նպատակով որոշվում է առերես հավատափոխ լինել և հնարավորություն ստանալ վերադառնալ հայրենիք։
Առերես հավատափոխությունից հետո, հայ նախարարներն ազատ են արձակվում և 700 մոգերի ու հսկիչ զորախմբի ուղեկցությամբ վերադառնում Հայաստան։ Նրանք առաջադրանք ունեին մեկ տարում Հայաստանը կրոնափոխ անել, բոլոր եկեղեցիները վերածել ատրուշանների, հիմնել պարսկական դպրոցներ։ Տիզբոնում պատանդ են մնում Գուգարաց Աշուշա Բդեշխի և Վասակ Սյունու որդիները։
450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի է ունենում ապստամբություն Սասանյան Պարսկաստանի դեմ, որը ջանում էր քրիստոնեական Հայաստանում հաստատել իրենց կրոնը՝ զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:
450 թվականի ամռանը պարսկական մի զորաբանակ արքունի հազարապետ Միհրներսեհի առաջնորդությամբ մտնում է Փայտակարան։ Մեկ այլ զորաբանակ ` Սեբուխտի հրամանատարությամբ, մտնում է Աղվանք, իսկ այնտեղից էլ` Հայաստան։
Հայկական զորքը բաժանվում է երեք մասի։ Առաջին մասը Ներշապուհ Արծրունու հրամանատարությամբ ուղարկվում է երկրի հարավային սահմանները Ատրպատականի կողմից պաշտպանելու համար։ Զորքի երկրորդ մասը Վասակ Սյունու հրամանատարությամբ մնում է Արտաշատում, իսկ հեծելազորը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղղվում է Աղվանքին օգնության։
Պատերազմի ելքը վճռում է մայիսի քսանվեցի առավոտից մեկնարկած Ավարայրի ճակատամարտը: 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նրանց:
Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:
23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից:
Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:
Հայերս պատերազմի արդյունքները կարող ենք համարել մեր օգտին: Պարսիկները երեք անգամ ավելի շատ զոհ տվեցին, կնքվեց Նվարսակի պայմանագիրը: Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը:
Սակայն պատմիչ Եղիշեն գրել է.
Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին:

Վահանանց պատերազմ. Փաստեր:

Տարեթվեր. 481-484
Պատերազմի վայր. Մարզպանական Հայաստան:
Պատերազմող կողմեր. Հայեր, վրացիներ, աղվաններ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի:

Կողմերի զորքերի թվաքանակ. Տարբեր թվաքանակներ տարբեր ճակատամարտերում:

Հրամանատարներ. Հայկական կողմից՝ Վահան Մամիկոնյան, Պարսիկներից՝ Պերոզ:

Պատերազմի պատճառ. Պարսկաստանի ձուլման քաղաքականություն:
Վահանանց պատերազմի մասին.

481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարներըՇիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:
Ազատագրական պատերազմը տեւում է մինչեւ 484թ. ամառը, երբ պարսիկները ծանր պարտություն են կրում հեփթաղներից Միջին Ասիայում: Հայաստանում հաջողության չհասնելով՝ պարսկական արքունիքը ստիպված է լինում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրս բերել իր պարտված բանակը: Դրանով ձեւակերպում է ստանում ազատագրական շարժման հաղթանակի ռազմական կողմը: 484թ. պարսիկները բանակցություններ են սկսում Վահան Մամիկոնյանի հետ, որոնք ռազմական փաստացի հաղթանակին ավելացնելու էին նաեւ դիվանագիտականը: Սպարապետի ձեռք բերած հեղինակության մասին է վկայում, որ պարսիկները համաձայնվում են բավարարել բանակցություններ սկսելու համար պատանդներ տրամադրելու` Վահանի նախապայմանը: Բանակցություններն ավարտվում են Հեր գավառի Նվարսակ գյուղում կնքված պայմանագրով, որի բոլոր կետերն առաջադրել էր Վահան Մամիկոնյանը: Ըստ այդմ, պարսիկները պարտավորվում էին հրաժարվել կրոնափոխության քաղաքականությունից, ճանաչել Հայ եկեղեցին եւ նախարարների ժառանգական իրավունքը, չմիջամտել Հայաստանի ներքին գործերին եւ այլն: Պարսից արքունիքը ճանաչում է Վահան Մամիկոնյանին որպես սպարապետ եւ մարզպան: Վահան Մամիկոնյանը դառնում է Արեւելյան Հայաստանի, որպես Տանուտերական իշխանության երկրի, կառավարողը:
Հաղթանակին նպաստած նոր հայեցակարգի վերլուծությունը վկայում է, որ Վահան Մամիկոնյանը գիտակցաբար էր հրաժարվել հակառակորդի հետ ճակատային բախումներից ու ընտրել մարտավարության անկանոն ձեւերը: Վահան Մամիկոնյանը մեծ ուշադրություն է դարձնում նահանջի, հակառակորդի հետ առճակատումից խուսափելու եւ մի շարք այլ խնդիրների նոր մեկնաբանմանը: Կարող ենք արձանագրել, որ մարտին հաջորդող նահանջն ինքնուրույն մարտական գործողության էր վերածվում: Դա եւս նորություն էր մեր ռազմարվեստում: Օրինակ, Երիզայի մոտ պարսկական բանակի ճամբարի վրա գիշերային հարձակումից հետո նահանջող ապստամբներին հետապնդելու ուղարկված զորամասերի հետ տեղի ունեցած մարտն ու հետապնդումից ազատվելու դժվարին մարտական գործողությունը շարունակվում էին երկու օր եւ երեք գիշեր։ Լայն տարածում են ստանում գիշերային մարտերը:
Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ամբողջացրեց ու վերջնական տեսքի բերեց մեծաթիվ հակառակորդի հետ հակամարտության նոր ռազմարվեստից բխող դրույթները եւ կիրառելով՝ ցույց տվեց, որ ստեղծված իրադրությունում դրանք այլընտրանք չունեն: Հատկանշական է, որ մարտավարության հիմնական տարրերի փոփոխումը եւ ստեղծված պայմաններին նրանց հարմարեցումը չէր ընթանում անցյալի փորձի մերժման ճանապարհով: Որքան էլ բեկումնային եւ խոր լինեին փոփոխությունները, միեւնույն է, Վահան Մամիկոնյանի իրականացրած բարեփոխումը հայկական ռազմարվեստի եւ մարտավարության հետեւողական զարգացման արդյունք էր: Ռազմարվեստի զարգացման գործում Վահան Մամիկոնյանի խաղացած դերին գնահատական տալով՝ կարող ենք նշել, որ նրա սպարապետության ընթացքում մեր ռազմարվեստը յուրօրինակ հեղափոխական դարաշրջան մտավ: Վերջնական տեսքի եկավ անկանոն մարտավարությունը, որն առանձին բացառություններով գրեթե մինչեւ 20-րդ դարը տիրապետող էր մեր ռազմարվեստում:

http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Vardananc_paterazm
http://hanragitaran.razm.info/wiki/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D6%81_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4
http://www.hayagitaran.info/2014/11/vahananc-patyerazmi-martavarvo%D6%82thyvo%D6%82neh/
http://www.lib.mindiaspora.am/4535.html

Комментариев нет:

Отправить комментарий