воскресенье, 15 июня 2014 г.

Գյումրի: Օդի աղտոտվածությունը:

Վերջին տասնամյակում Գյումրիում օդի աղտոտվածության աստիճանը մշտապես 3-4 անգամ գերազանցել է թույլատրելիության սահմանը: 2010 թ-ին նախորդ տարիների համեմատ առավել հուսադրող տվյալներ են արձանագրել բնապահպանները: Սա, իհարկե, ամենեւին չի նշանակում, որ խնդրի լուծման համար քայլեր են ձեռնարկվել:
2010 թ-ը հաջողակ տարի չէր ֆինանսական առումով: Գյուղատնտեսության մեջ երկարատեւ անձրեւներն եթե խանգարել են հող մշակողներին, ապա մեր թոքերին նպաստավոր պայմաններ են ստեղծել նորմալ օդ շնչելու համար:

Անձրեւային սեզոնն ավարտված է, խնդիրները կրկին գլուխ են բարձրացրել: Առանձին օրերի կրկին արձանագրվել է օդի աղտոտվածության թույլատրելի նորմերի գերազանցում մի քանի անգամ: Գյումրու օդային ավազանն աղտոտվում է անօրգանոգեն փոշու միջոցով:
ՙՍա պայմանավորված է քաղաքի անբարեկարգ վիճակով: Երկրորդական փողոցներն ասֆալտածածկույթից զուրկ են, դա էլ փոշի է առաջնացնում՚,-ասում է ՙԳեոֆոն՚ ՀԿ նախագահ Լեւոն Մարտիրոսյանը:
Հիմնական աղտոտվածությունը քաղաքի ծայրամասային հատվածներում է, որտեղ ճանապարհների վիճակը առավել վատ է:
ՙՀայ էկո-մոնիտորինգ՚ Շիրակի մարզի լաբորատորիայի վարիչ Ռոլանդ Գասպարյանը քարտեզ է կազմել, որտեղ քաղաքի առավել աղտոտված մասերը կարմիրով է գունավորել, քարտեզում ծայրամասային Գյումրին ամբողջապես կարմիր է ներկված:
Բնապահպանները միաձայն պնդում են` Գյումրին պետք է բարեկարգ լինի, որ մեր շնչած օդում էլ թթվածին լինի, այլ ոչ տարատեսակ վնասակար նյութեր, ինչպես ասենք, CO2, CO, ազոտի օքսիդ, ծանր մետաղներ եւ այլն: Արտանետվող գազերն էլ ունեն 200 բաղադրիչ, որոնց 20 տոկոսը վտանգավորության առաջին եւ երկրորդ տեղում են գտնվում:
Քաղաքը չունի անտառածածկույթ: Նախկինում Սավոյան, Անտառավան թաղամասերն անտառաշերտ ունեին, պաշտպանում էին, հիմա դրանք չկան ու ամեն ինչ նպաստում է օդի աղտոտվածությանը:
Վտանգավոր արտանետումներով աշխատող ձեռնարկություններ չունենք, դրանց փոխարեն օդն աղտոտող բազմաթիվ գործոններով ենք հարուստ: Ոչ աշխարհագրական նպաստավոր դիրքով ենք աչքի ընկնում, ոչ հարուստ բուսականությամբ: Մեր քաղաքի փոշին մեզ քիչ է, մերձակա գյուղատնտեսական նշանակության հողերն էլ իրենց ոչ դրական ազդեցությունն են թողնում օդային ավազանի վրա: Սեւահողի վերին շերտի քայքայման արդյունքում առաջացած փոշին անարգել տարածվում է շրջապատում: Լավ է գոնե գյումրեցիները հիանալի իմունային համակարգ ունեն, ինչպես ասում է Ռոլան Գասպարյանն արդեն սովորել ենք օդի այս բաղադրությանը, այլընտրանք չունենք:

Комментариев нет:

Отправить комментарий